| 1916 Հոգու հեռավոր դարպասից անդին, Ուր մշուշ է, մեգ, — Ուր թանձր միգում վխտում են մթին Կասկածները նենգ, Ուր չի թափանցում նայվածքը երբեք: — Խոհը միամիտ, — Կա մի մութ եզերք, անունը — Աիդ: Հոգու այդ վերջին դարպասի առաջ Հսկում է անքուն Այդ մութ եզերքի արքան աներազ — Սևահեր մի շուն՝ Կույր նայվածքը իր կուրորեն հառած Հիվանդոտ մուժում: Հսկում է, մռայլ, իր եզերքը մառ, Իր եզերքը հին, Ուր վերջին, ճղճիմ գոյության համար Հանձնված մութին` Տառապում է մեր մարող, հոգեվար Երազի հոգին: Ու մութ է այնտեղ, աներազ մուժում, — Տաղտուկ, ամայի: Ու ցուրտ է այնտեղ` Ստիքսն է հոսում, Գանգեսը մահի` Հավիտենության լաբիրինթոսում Անիմանալի: Ու այն եզերքի սևահեր արքան — Անկուշտ, անոթի, — Հսկում է, որ ջինջ երազները գան — Բռնի, հոշոտի, — Ու երազների դիերն անկենդան Ստիքսը նետի: Ու հոգու վերջին դարպասից անդին Նենգ, հսկում է նա: Հսկում է, որ ջինջ երազներն ընկնին Եզերքը նրա: Եվ nռնում է նա լույս գիշերներին — Լուսինի վրա |
Category: գրականություն
Ես նստում էի .Եղիշե Չարենց
Ես նստում էի

Ես նստում էի անմարդ բուլվարում՝
Աշնան արևի համբույրին գերի:
Խմում էր հոգիս երկնքի հեռուն,
Լսում էր հոգիս երգը գանգերի:
Ու անթա՜րթ, անթա՜րթ նայում էի ես
Անսահման, անծիր երկնքի հեռուն:
Ու թաց աչքերով տեսնում էի քեզ —
Հավիտենության կապույտ դաշտերում:
Եվ երբ երեկոն մեռնում էր բոցում
Ու իջնում էր պարզ, աստղազարդ գիշեր —
Կապույտ ջրերի հեռու զնգոցում
Ես լսում էի քո շշուկը դեռ…
ԱՍՏԾՈ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ. Հովհաննես Թումանյան
ԱՍՏԾՈ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ
Այժըմ ես կըգամ, ասում է աստված,
Օգնել աղքատին իր ծանըր կըռվում.
Չեմ թողնի նըրան հավիտյան լըքված,
Նա ինձ ապավեն կանչեց նեղ օրում։
Վա՛յ ձեզ, հըզորներ, որ իր խըրճիթում
Լացացրիք խեղճին, այրուն ու որբին,
Ու վես, անպատիժ՝ ասիք ձեր սըրտում—
Ո՞վ է վերևից նայում մեր ճամփին։
Մի՞թե կարծում եք՝ չէր տեսնում, լըսում,
Նա, որ ստեղծեց և աչք, և ականջ.
Մի՞թե կարծում եք՝ ուժն էր պակասում,
Եթե համբերեց դատելուց առաջ։
Իմ աչքերն անթարթ ձեր ճամփի վըրա—
Հըսկել եմ անքուն ես ձեր գործերին,
Էլ չեմ դանդաղիլ— գալիս եմ ահա,
Ե՜ս, Տեր զորությանց— և հուրն իմ ձեռին։
Ես հուր եմ ձըգում ճընշվածի հոգին—
Նորա համարձակ լեզվով ձեզ դատեմ,
Ես ուժ եմ տալիս աղքատի բազկին,
Նորա թիկունքին՝ գալիս եմ ձեր դեմ։
Հովհաննես Թումանյան Թմկաբերդի առումը
| ՆԱԽԵՐԳԱՆՔ Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք Թափառական աշուղին, Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք, Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։ Մենք ամենքըս հյուր ենք կյանքում Մեր ծնընդյան փուչ օրից, Հերթով գալիս, անց ենք կենում Էս անցավոր աշխարհից։ Անց են կենում սեր ու խընդում, Գեղեցկություն, գանձ ու գահ, Մահը մերն է, մենք մահինը, Մարդու գործն է միշտ անմահ։ Գործն է անմահ, լա՛վ իմացեք, Որ խոսվում է դարեդար, Երնե՜կ նըրան, որ իր գործով Կապրի անվերջ, անդադար։ Չարն էլ է միշտ ապրում անմեռ, Անե՜ծք նըրա չար գործքին, Որդիդ լինի, թե հերն ու մեր, Թե մուրազով սիրած կին։ Ես լավության խոսքն եմ ասում, Որ ժըպտում է մեր սըրտին. |
| Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման, Լավ արարքը, լավ մարդին։ Է՜յ, լա՛վ կենաք, ակա՛նջ արեք, Մի բան պատմեմ հիմի ձեզ, Խոսքըս, տեսեք, ո՞ւր է գընում, Քաջ որսկանի գյուլլի պես։ |

6. Գյուրջյան հարցարան
Անդաստան
Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:
Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:
Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:
Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա։
Բառարան
- Ակոս-երկար գծաձև փոս հողի վերին շերտում, որ բացում է խոփը.
- Կոչնակ-եկեղեցի հրավիրող կոչնազանգ.
- Կայլակ-փոքրիկ կաթիլ, շիթ.
- Ցորյան-ցորեն, հացաբույս.
- Ամբար-շտեմարան, պահեստ, պահեստատեղ, պահեստարան, համբարանոց, ամբարանոց, մթերանոց, մառան (սննդամթերքի), հորոն (ցորենի գետնափոր).
- Աղուն-աղալու համար պատրաստված հացահատիկ.
«Կյանքը հրաշալի է»
Ֆիլմի Մասին
Իտալական գեղարվեստական ֆիլմ, տրագիկոմեդիա, որի սցենարի հեղինակը, գլխավոր ռեժիսորը և գլխավոր դերակատարը Ռոբերտո Բենինյին է։Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Իտալիայում համակենտրոնացման ճամբար են ուղարկում հրեաներին: Ֆիլմի հերոսին որդու և կնոջ հետ նույնպես ուղարկում են այնտեղ։ Ճամբարում հայրը որդուն ասում է, թե այն, ինչ կատարվում է այնտեղ, խաղ է, որի հաղթողին տանկ են նվիրում։ Տանկը կստանա այն մասնակիցը, ով լավ կթաքնվի «գոռացող» մարդկանցից։ Ֆիլմի հերոսը ամեն ինչ անում է, որպեսզի որդին հավատա այդ ամենին և ողջ մնա։
Ցուցադրությունից հետո ֆիլմը լայն տարածում է գտել մի շարք երկրներում։
Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա և բ առաջադրանքները.
Փոքրիկ սիրտս ում նվիրեմ: Նադեր Էբրահիմի
Ես մի փոքրիկ սիրտ ունեմ: Շատ փոքրիկ, շա՜տ-շա՜տ փոքրիկ:
– Մարդու սիրտը չպետք է դատարկ մնա, – ասում է տատիկը, – եթե դատարկ մնա, դատարկ ծաղկամանի նման տգեղ կլինի և մարդուն ցավ կպատճառի:
Ահա, հենց այդ պատճառով էլ երկար ժամանակ է՝ մտածում եմ՝ այս փոքրիկ սիրտը ո՞ւմ նվիրեմ: Այսինքն՝ ո՞ւմ պետք է սրտիս մեջ տեղավորեմ, որ բոլորից լավը լինի: Ճիշտն ասած՝ ախր, չգիտեմ՝ ինչպես ասեմ…Սիրտս ուզում է՝ այս ամբողջ-ամբողջ, փոքրիկ-փոքրիկ սիրտս՝ մի փոքրիկ, սիրուն տնակի պես, մի այնպիսի մեկին նվիրեմ, որին շա՜տ-շա՜տ եմ սիրում…կամ…չգիտեմ…մեկին, որ շատ լավն է: Մեկին, որ իսկապես արժանի է իմ շատ փոքրիկ և մաքուր սրտի մեջ տնակ ունենալու: Ճիշտ եմ ասում, չէ՞։
– Սիրտը հյուրանոց չէ, որ մարդիկ գան, մի երկու-երեք ժամ կամ մի երկու-երեք օր այնտեղ մնան ու հետո գնան, – ասում է հայրիկը, – սիրտը ճնճղուկի բույն չէ, որ գարնանը շինվի, իսկ աշնանը քամին այն իր հետ քշի ու տանի…
ճիշտն ասած՝ չգիտեմ՝ ինչ է սիրտը, բայց գիտեմ, որ տեղ է շա՜տ-շա՜տ լավ մարդկանց և մշտապես…
Դե…Երկար մտածելուց հետո վճռեցի՝ սիրտս նվիրեմ մայրիկիս, ամբողջ սիրտս, ամբողջը նվիրեմ մայրիկիս և կատարեցի այդ բանը…
Բայց, ո՜վ զարմանք, երբ նայեցի սրտիս, չնայած մայրիկս հանգիստ տեղավորվել էր նրա մեջ և իրեն էլ շատ լավ էր զգում, այդուհանդերձ նկատեցի, որ կեսը դեռևս դատարկ էր մնացել…
Դե, իհարկե, հենց սկզբից ես պիտի գլխի ընկնեի ու սիրտս երկուսին նվիրեի՝ հայրիկիս ու մայրիկիս: Այդպես էլ վարվեցի:
Հետո, հետո գիտե՞ք՝ ի՞նչ եղավ: Այո, իհարկե, նայեցի ու տեսա՝ սրտիս մի մասում դեռևս դատարկ տեղ է մնացել…
Անմիջապես վճռեցի սրտիս դատարկ մնացած անկյունը նվիրել մի քանի հոգու: Մի քանի հոգու, ում շատ եմ սիրում:
Մեծ եղբորս, փոքրիկ քրոջս, պապիկին, տատիկին, իմ բարի քեռուն և ուրախ բնավորությամբ հորեղբորս էլ տեղավորեցի սրտիս մեջ:
Մտածեցի՝ հիմա արդեն սրտիս մեջ կարգին խճողում է…այսքան մարդ մի՞թե հնարավոր է այսքան փոքրիկ սրտում տեղավորել:
Բայց երբ նայեցի սրտիս, Աստված իմ, Աստված իմ, գիտե՞ք՝ ինչ տեսա:
Տեսա, որ այս բոլոր մարդիկ տեղավորվել են սրտիս ճիշտ կես մասի մեջ, ճիշտ կեսի, թեև հանգիստ նստել, ասում, խոսում ու ծիծաղում էին, և ոչ մեկը չէր բողոքում տեղի նեղվածքից:
Դե…հետո հերթը…Այո, ճիշտ է, սրտիս մնացածը, այսինքն՝ դատարկ մնացած կեսը ուրախությամբ ու գոհունակությամբ նվիրեցի այն բոլոր լավ մարդկանց, ովքեր ապրում են մեր թաղում, և բոլոր այն լավ բարեկամներին, որ ունեմ, և բոլոր ընկերներիս և բոլոր այն ուսուցիչներին, ովքեր սիրում են երեխաներին…
Եվ գիտե՞ք, թե ինչ եղավ…
Աստված իմ, այսքան փոքրիկ սիրտը ինչպե՞ս կարող է այսքա՛ն մեծ լինել:
Ճիշտն ասած, խոսքը մեր մեջ, հայրս մի հորեղբայր ունի: Հայրիկիս այս հորեղբայրը շա՜տ, շա՜տ, շա՜տ փող ունի: Ես երբ տեսա՝ բոլոր լավ մարդիկ տեղավորվում են սրտիս մեջ, աշխատեցի հայրիկիս այս հորեղբորն էլ տանեմ սրտիս մեջ և մի անկյուն էլ նրան հատկացնեմ…բայց…չտեղավորվեց…ինչ արեցի, չտեղավորվեց…շատ խղճացի…բայց ի՞նչ անեմ, չտեղավորվեց, էլի, իմ մեղքը հո չի, իր մեղքն է: Այսինքն՝ ճիշտն ասած, երբ ինքն էլ դժվարությամբ, մի կերպ տեղավորվում էր սրտիս մեջ, փողերի հսկա սնդուկը դուրս էր մնում, նա էլ հևիհև դուրս էր վազում սրտիցս, որպեսզի վերցնի իր սնդուկը…
Այո…կամաց–կամաց հասկանում էի, թե մի փոքրիկ-փոքրիկ սիրտ որքա՜ն կարող է մեծ լինել: Մի գիշեր, երբ հիշեցի այն մեծ պատերազմի ծանր օրերն ու գիշերները, միանգամից վեր թռա ու ճչացի. «Սրտիս մնացած մասը կնվիրեմ բոլոր նրանց, ովքեր կռվեցին և կեղտոտ թշնամուն մեր հողից, մեր երկրից ու մեր տնից դուրս վռնդեցին…»:
…Հիմա այլևս իմ սիրտը նմանվել էր մի մեծ քաղաքի, դպրոց ուներ, հիվանդանոց ուներ, զորանոց ուներ, փողոց, թաղ, պողոտա ուներ և դարձյալ մի աշխարհի չափ դատարկ տեղ ուներ…
Ինքս ինձ ասացի. «Այլևս բավական է ընտրություն անել, իմ սիրտը պատկանում է աշխարհի բոլոր-բոլոր լավ մարդկանց՝ աշխարհի այս ծայրից մինչև մյուս ծայրը…»:
Դուք ինքներդ տեսնում եք՝ հիմա միայն մի շա՜տ-շա՜տ փոքրիկ անկյուն է դատարկ մնացել սրտիս մեջ: Գիտեք՝ այդ տեղը ում համար եմ թողել, այո, ճիշտ է, բոլոր վատ մարդկանց, միայն՝ մի պայմանով, որ հրաժարվեն վատ լինելուց և վատ արարքներ կատարելուց. երեխաներին չնեղացնեն, ծովը չկեղտոտեն, կենդանիներին չսպանեն և ոչ մեկի նկատմամբ բռնություն չգործադրեն…
Վատ մարդիկ էլ, եթե լավանան, իրավունք ունեն, չէ՞, իմ սրտի մեջ մի փոքրիկ տնակ ունենալու. ..չէ՞։
Կարծում եմ՝ եթե վատ մարդիկ բարիանան ու գան, դարձյալ իմ սրտի մեջ մի փոքրիկ տեղ կմնա…գուցե անտառների համար, սարերի, ձկների, եղնիկների, փղերի…և շատ ուրիշ բաների համար…
Իսկապես, զարմանալի է, հայտնի չէ՝ սա սի՞րտ է, թե՞ ծով: Այսքան փոքրիկ սիրտն, ախր, ինչպե՞ս է, որ երբեք չի լցվում:
Դե լավ, դա ինձ չի վերաբերում:
Երբ մեծանամ, գուցե հասկանամ, թե ինչու է այդպես, սակայն հիմա, մինչև այն պահը, երբ դեռ սրտիս մեջ տեղ կա, պետք է այդ տեղը նվիրեմ լավ ու բարի մարդկանց։
Սիրտը հենց դրա համար է, ճիշտ չէ՞։
ա) Մեկնաբնե՛ք հետևյալ մտքերը․
Այսքան փոքրիկ սիրտն, ախր, ինչպե՞ս է, որ երբեք չի լցվում:
Երբ մարդը լցված է լինում սիրով և բարությամբ, չի կարող այդ ամենը վերջանալ: Բարի և սիրով լեցուն մարդիկ հենց տարբերվում են դրանով, նրանք անընդհատ տալիս են սեր ու բարություն, և այդ ամենը չի վերջանում:
Երբ հայրիկիս հորեղբայրը դժվարությամբ, մի կերպ տեղավորվում էր սրտիս մեջ, փողերի հսկա սնդուկը դուրս էր մնում, նա էլ հևիհև դուրս էր վազում սրտիցս, որպեսզի վերցնի իր սնդուկը…
Միևնույն մակարդակում չեն կարող սերն ու փողը լինել: Դրանք անընդհատ միմյանց խանգարելու են, դրա համար էլ փողի հանդեպ սերը կուրացրել էր հորեղբորը, ով տարված էր դրա սիրով: Նրա սրտում մաքուր և ազնիվ սիրո տեղ չկար…
Գիտեք՝ այդ տեղը ում համար եմ թողել, այո, ճիշտ է, բոլոր վատ մարդկանց, միայն՝ մի պայմանով, որ հրաժարվեն վատ լինելուց:
Կարծում եմ մենք պետք է սիրենք բոլորին, ամեն-ամենքին իրենց թերություններով հանդերձ, և եթե քո սրտում նման մարդկանց համար տեղ ես թողել, ապա պետք է սիրես այնպես ինչպես իրենք են, թեկուզ և վատ մարդ լինելը:
Տեսա, որ այս բոլոր մարդիկ տեղավորվել են սրտիս ճիշտ կես մասի մեջ, ճիշտ կեսի, թեև հանգիստ նստել, ասում, խոսում ու ծիծաղում էին, և ոչ մեկը չէր բողոքում տեղի նեղվածքից:
Մի տեղ, որտեղ կա սեր նեղվածք, անհարմարություն չի կարող լինել:
Սրտիս մնացած մասը կնվիրեմ բոլոր նրանց, ովքեր կռվեցին և կեղտոտ թշնամուն մեր հողից, մեր երկրից ու մեր տնից դուրս վռնդեցին…
Հենց այս մարդիկ մեր խաղաղության համար են իրենց կյանքը զոհում, կռվում, վռնդում թշնամուն, և նման անձնվեր արարքի համար ինչպե՞ս կարելի է մարդուն չսիրել և չհարգել:
բ) Ո՞ր մտքերն են արտահայտում ստեղծագործության գաղափարը։ Պատասխանը հիմնավորե՛ք։
Սրտում կարող են տեղավորվել բոլոր մարդիկ։
Սիրտը տեղավորում է բոլոր բարի մարդկանց։
Հարուստ մարդիկ սրտում տեղ չունեն։
Սիրտը կարող ե տեղավորել նաև վատ մարդկանց։
Սրտում կարող է իշխել միայն սերը։
Վիլյամ Սարոյան. Հայ մուկը. պատմվածք ,նախագիծ
Վերլուծություն
Պատվածքում շոշափվում են տարբեր թեմաներ ։ Սակայն ինձ համար գլխավորը այն եր որ հայ մուկը տարբերվում էր բոլորից իր խելացիությամբ , և իմացել է իր գլխի գալիքը և նախօրոք պատրաստվել է մարտնչելու։և եղել է առաջինը, ով հաղթել է օձին , սա մեզ հայերիս բնորոշ է, չհանձնվել և պատրաստ մարտի։
Ինձ համար շատ հետաքրքիր եր այս հատվածը։
Ծիրանի կենտրոնում գտնվում է մի կարծր կորիզ: Այդ կորիզն առերեւույթ շատ պինդ է, բայց կարծր կեղեւի տակ հանգչում է սիրտը, որ նուշի նման է: Վերցնում ես մուրճը, կոտրում ես ծիրանի պինդ կորիզի կեղեւը, հասնում ես սրտին, եւ քանի որ այն նուշի նման է, դնում ես բերանդ ու ծամում, հետո հանկարծ անախորժ համ ես զգում:
Վիլյամ Սարոյան «Գրողի խոստովանություն»

Վիլյամ Սարոյան «Գրողի խոստովանություն»
Շատ հետաքրքիր և իմաստուն կերպով էր ներկայացված ազատության մասին:Շատ հավանեցի այս պատմվածքը։
Ճիշտ հակառակը, քանզի ազատությունը, իրական ազատությունը, ճշմարիտ ազատությունը կյանքն ու մարդու էությունն ավելի ու ավելի է մոտեցնում կարգուկանոնին, գեղեցկությանը, նրբանկատությանն ու իմաստին, որոնք պահպանելիս մանրամասների մեջ միշտ հարկ է ուղղումներ մտցնել. սրբագրել, զարգացնել, կատարելագործել, ընդարձակել ու ընդլայնել:
Ազատությունը ընկալում է շատերին ,Այն ինչ անհատի կողմից փոխանցվածկրող ազատ խոսքն ու միտքն իրականում իրենցից ներկայացնում են ներդաշնակություն։
Ազատ գրողին բնութագրող հատվածն էր շատ հետաքրքիր :գրողին սկսում ես ընկալել,որպես հոգեբանի, իմաստուն և ազատամիտ ստեղծագործ: