
Գրիգոր Զոհրապը ծնվել է 1861 թվականին Կ. Պոլսի Պեշիկթաշ թաղամասում։ Հայրը՝ Խաչիկ էֆենդին, սարաֆ էր, բնիկ ակնեցի, մայրը՝ Էֆթիկ հանըմը, Մալաթիայից էր։
Զոհրապը նախնական կրթությունը ստացել է Պեշիկթաշի Մաքրուհյան վարժարանում։ 1870 թվականին մահանում է Խաչիկ էֆենդին։ Մայրը ամուսնանում է նշանավոր փաստաբան Ավետիս Յորտումյանի հետ և երկու որդիների՝ Միհրանի ու Գրիգորի հետ տեղափոխվում է Օրթագյուղ։
Զոհրապի նովելներ
Զոհրապը վաղ հասակից գրել է ոտանավորներ, որոնք մեծ արձագանք չեն գտել։ Դեռ պատանի՝ նա իր ուժերը փորձում է նաև արձակի մեջ․ 1883 թ․ տպագրում է «Անհետացած սերունդ մը» վեպը՝ պոլսահայ երիտասարդության կյանքից։ Զոհրապի ուժը արձակի փոքր ձևի մեջ էր։ Մամուլում տպագրվող նորավեպերը հետաքրքրություն են առաջ բերում։ Տարեցտարի զորանում է վարպետությունը, և նա ստեղծում է հրաշալի նորավեպեր։ Զոհրապը նորավեպի այն վարպետներից է, որոնք բյուրեղացած ձևի մեջ հասել են հոգեբանական խորության և կերտել բազմաթիվ կերպարներ՝ բարձր աստիճանի հասցնելով իրապաշտությունը