Իմաստասէր ոմն աղքատ ունէր ծոյլ որդիս եւ ի ժամ մահուն կոչեաց զորդիսն եւ ասէ.
– Ո՛վ որդեակք, բազում գանձ կայ պահեալ ի հարցն իմոց յայգին մեր, իսկ զտեղին ոչ ցուցանեմ ձեզ, այլ որ աշխատի ևւ խորագոյն փորէ, նա գտանէ զգանձն:
Եւ յետ մահուն հօրն, սկսան որդիքն ջանալ մեծաւ աշխատութեամբ եւ խորագոյն վարէին, եւ ամէն մէկ իւրն ջանայր, զի ինքն գտցէ զգանձն:
Եւ սկսաւ այգին աճիլ եւ զօրանալ եւ ետ բազում պտուղ եւ ելից զնոսա գանձիւ:
Փոխակերպում աշխարհաբար
Իմաստասեր աղքատ մեկն ուներ ծույլ որդիներ և մահվան ժամանակ կանչեց որդիներին և ասեց.
– Ո՛վ որդիներ, բազում գանձեր կա պահված իմ հայրերի կողմից մեր այգում, իսկ տեղը ցույց չեմ տալու, այլ ով որ աշխատի և խորագույն փորի, նա կգտնի գանձերը:
Եվ հոր մահվան օրվանից սկսած, սկսեցին որդիները ջանալ մեծ չարչարանքով և խորագույն վարել, և ամեն մեկն ինքն էր ջանում, որ ինքը գտնի գանձերը:
Եվ սկսեց այգին աճել և զորանալ և տվեց բազում պտուղ և լցրեց նրանց գանձով:
Բառարան
ոմն – մի մարդ, մեկը (ոմն աղքատ – մի աղքատ մարդ)
որդիս – որդիներ
ի ժամ մահուն – մահվան ժամին
կոչեաց – կանչեց
զորդիսն – որդիներին
որդեակք – որդյակներ
պահեալ – պահված
ի հարցն իմոց – իմ հայրերից, իմ հայրերի կողմից
յայգին – այգում
զտեղին – տեղը
ոչ ցուցանեմ – ցույց չեմ տալիս
որ – ով, ով որ
խորագոյն – ավելի խոր
փորէ – այստեղ` փորի
գտանէ – այստեղ` կգտնի
յետ մահուան հօրն – հոր մահվանից հետո
մեծաւ աշխատութեամբ – մեծ չարչարանքով
վարէին – վարում էին
իւր ջանայր – ինքն էր ջանում (ձգտում էր)
զի – որ, որպեսզի
գտցէ – գտնի, կգտնի, պիտի գտնի, գտնելու է
ետ – տվեց
ելից – լցրեց
զնոսա – նրանց
գանձիւ – գանձով