Աշխարհում 13-ից 15 տարեկան աշակերտների կեսը՝ շուրջ 150 մլն. երեխա, ասել է, որ դպրոցում կամ դպրոցի տարածքում հասակակիցների կողմից բռնության է ենթարկվել․ սա փաստում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի վերջին զեկույցներից մեկը։ Երևույթը, որը «բուլինգ» անունն ունի, Հայաստանում ևս տարածված, սակայն չուսումնասիրված խնդիր է։
Հայաստանում երեխաների 38%-ը տեսել է՝ ինչպես են համայնքում երեխայի ծեծում, իսկ 35%-ը նվազագույնը 1–5 անգամ դպրոցում ծաղրանքի ականատես է եղել: Սա նշանակում է, որ գրեթե յուրաքանչյուր երկրորդ երեխան դպրոցում ականատես է եղել բռնության: Կան բուլինգի տարբեր տեսակներ․
- ֆիզիկական՝ հարվածել, թքել, հրմշտել, ուրիշի իրերին տիրանալ կամ ջարդել, միտումնավոր կամ կոպիտ շարժումներ կատարել, որոնք կարող են վնասել մարդու մարմինը կամ գույքը,
- բանավոր՝ ծաղրել, սպառնալ, պիտակավորել, անհարկի սեռական բնույթի մեկնաբանություններ անել,
- հոգեբանական կամ սոցիալական՝ դիտավորյալ խմբից վտարել, չընդունել, բամբասանքներ տարածել, վախեցնել, հասարակայնորեն վարկաբեկել,
- սեռական՝ հպումեր, հարձակումներ, բռնի գործողություններ և այլն,
- կիբեր՝ նվաստացումներ կամ կիբերսադրանք՝ տեքստային հաղորդագրություններ, սպառնալիքներ, անպարկեշտ նկարներ վիրավորական նյութեր ուղարկելը կամ տարածելը ինտերնետի կամ այլ տեխնոլոգիաների միջոցով:
Հայաստանում բուլինգի դրսևորման հիմքում ընկած է կարծրատիպային մտածելակերպը, իրենցից տարբերվողների նկատմամբ անհանդուրժողականությունը, յուրահատուկ արտաքին տեսքը, այսպես կոչված «կանոններից» շեղումը, սեռական կողմնորոշումը, ընտանիքի սոցիալական ծանր պայմանները, իրավագիտակցության ցածր մակարդակը և այլն։Բուլինգը վտանգավոր է դպրոցահասակ երեխաների համար նաև այն պատճառով, որ նրանց մոտ հենց այս տարիքում է ձևավորվում ինքնաճանաչումն ու աշխարհընկալումը: Դպրոցում սովորող երեխաների առնվազն 60%-ը տանը չեն հայտնում իրենց նկատմամբ իրականացված բռնության մասին։ Խնդրի անցնցում կարգավորման համար անելիք ունեն և՛ ծնողները, և՛ կրթության ոլորտի ներկայացուցիչները, և՛ իրավապահ մարմինները։ Անհրաժեշտ է տևական ու հետևողական աշխատանք հարցի արմատական լուծման համար։