Ռուսական կայսրության կործանումից և Հայաստանի անկախության հռչակումից հետո բավականին բարդ հարաբերություններ ստեղծվեցին Ռուսաստանի հետ։ 1917թ. Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Ռուսաստանում փաստորեն առաջացել էին երկու հակադիր ուժեր, որոնք քաղաքացիական կռիվներ էին մղում իրար դեմ։ Դրանցից մեկը Խորհրդային Ռուսաստանն էր։ Նա պայքարում էր խորհրդային սոցիալիստական կարգերը ամբողջ Ռուսաստանում հաստատելու համար։ Խորհրդային Ռուսաստանին այլ կերպ կոչում էին «կարմիրներ»։ Մյուս կողմը հին բուրժուական համարվող կարգերի պահպանման կողմնակից ուժերն էին, որոնք չէին ընդունում բոլշևիկյան կարգերը։ Սրանց էլ կոչում էին «սպիտակներ»։ Ռուսաստանի հարավային և արևելյան շրջաններում ստեղծվեցին մի շարք ոչ խորհրդային պետական կազմավորումներ Կուբանի, Թերեքի, Դոնի, Ղրիմի, Սիբիրի և այլն։ Սրանց ղեկավարում էին նախկին ցարական գեներալներ։