Նուկլեինաթթու
Նուկլեինաթթուն բարձրամոլեկուլային օրգանական միացություն է, կենսապոլիմեր (պոլինուկլեոտիդ), որը կազմված է նուկլեոտիդներից։ Նուկլեինաթթուներ դեզօքսիռիբոնուկլեինաթթուն (ԴՆԹ) և ռիբոնուկլեինաթթուն (ՌՆԹ) առկա են բոլոր կենդանի օրգանիզմների բջիջներում։ Նրանք կարևորագույն դերն ունեն ժառանգական ինֆորմացիայի պահպանման, փոխանցման և իրականացման մեջ։
ԴՆԹ-ի կառուցվածքը
Դեզօքսիռիբոնուկլեինաթթուն (ԴՆԹ) կենսապոլիմեր է, որի մոնոմերները նուկլեոտիդներն են։ Յուրաքանչյուր նուկլեոտիդ կազմված է օրթոֆոսֆորական թթվի մնացորդից, որը միացած է դեզօքսիռիբոզին 5-րդ դիրքում։ Վերջինիս 1 դիրքում միանում է 4 ազոտային հիմքերից որևէ մեկը գլիկոզիդային (C-N) կապի միջոցով։ Հենց նուկլեոտիդների կազմության մեջ մտնող ածխաջրի տեսակն էլ ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի միջև հիմնական տարբերություններից մեկն է (ՌՆԹ-ի կազմի մեջ մտնում է ռիբոզը)։ Նուկլեոտիդի օրինակ է ադենոզինմոնոֆոսֆատը, որի ազոտային հիմքը ադենինն է։
ԴՆԹ և ՌՆԹ
- ԴՆԹ. Շաքարային օղակը դեզօքսիռիբոզն է, ազոտական հիմքերը՝ գուանինը (G), ցիտոզինը (C), ադենինը (A) և թիմինը (T)։ ԴՆԹ–ն կազմված է 2 հակազուգահեռ նուկլեոտիդային շղթաներից։
- ՌՆԹ. Շաքարային օղակը ռիբոզն է, ազոտական հիմքերը՝ գուանինը (G), ցիտոզինը (C), ադենինը (A) և ուրացիլը (U)։ Ռիբոզայի առանձնահատկությունների շնորհիվ ՌՆԹ–ն հաճախ ունի տարբեր երկրորդային և երրորդային կառուցվածքներ, առաջացնելով կոմպլեմենտար տեղամասեր շղթայի տարբեր հատվածների միջև։