Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:
Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:
Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:
Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա։
Բառարան
- Ակոս-երկար գծաձև փոս հողի վերին շերտում, որ բացում է խոփը.
- Կոչնակ-եկեղեցի հրավիրող կոչնազանգ.
- Կայլակ-փոքրիկ կաթիլ, շիթ.
- Ցորյան-ցորեն, հացաբույս.
- Ամբար-շտեմարան, պահեստ, պահեստատեղ, պահեստարան, համբարանոց, ամբարանոց, մթերանոց, մառան (սննդամթերքի), հորոն (ցորենի գետնափոր).
- Աղուն-աղալու համար պատրաստված հացահատիկ.